Օրերս լույս տեսավ գյումրեցի բանաստեղծուհի Մելսիդա Հակունցի «Անթեղված երազներ» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: Նոր արարումներ ենք մաղթում հեղինակին և ներկայացնում այս գրախոսականը:
ՄԵԼՍԻԴԱ ՀԱԿՈՒՆՑԻ կյանքի և գրական գործունեության մասին խոսելիս տեղին է հիշատակել նրա իսկ խոսքերը. «Ես սիրում եմ քեզ, կյանք, աստվածային երանություն և ներդաշնակություն է իմ շուրջն ու ներաշխարհում, դարձել եմ այս կյանքի մի մասնիկն ու ապրում եմ ընդհանուր ռիթմով: Անցել եմ տառապագին օրերի ու անասելի դժվարությունների միջով, ձեռք բերել իմ ազատությունը, որն ամենաթանկ պարգևն է կյանքի: Ինչ լավ է ապրել ազատության մեջ»: Հակունցի այս լավատեսությունը, խոսքի մեջ շենշող լույսի ներկայությունը տեսանելի են ինչպես բանաստեղծություններում, այնպես էլ նրա արձակ խոսքում: Նրա գրիչը թաթախված է հոգու ներկապնակի տաք գույների մեջ` ավշային արյան բոսորագույն կարմիրի հետ միախառնված: Լույսի առկայությունը նաև գույների բաղադրության մեջ է տեսանելի` բացառելով երանգների թանձրացումը: Նրա հոգու ակունքներից բխող պարզ ու անմիջական խոսքն իր վարար հոսքով կործանում, ոչնչացնում է հեղինակի ու ընթերցողի միջև գոյություն ունեցող անջրպետը, քանզի ընդամենը հաշված վայրկյաններ անց ընթերցողը գտնում է իրեն բանաստեղծուհու շիտակ և անկեղծ տողերի մեջ: Լայն և ընդգրկուն են Հակունցի բանաստեղծական մտահորիզոնն ու պատկերային մտածողությունը, իր ստեղծագործությունների հումքը նա վերցնում է հայրենի լեռնաշխարհի, նրա հրաշագեղ բնության, այդ բնաշխարհի ազնիվ մարդկանց և իր ներաշխարհի հույզերի ու մտորումների շաղախից: Շիրակի դաշտավայրի ու նրա հիասքանչ բնության մեջ ապրող գյումրեցին է նրա ստեղծագործությունների հերոսը` իր հույզերով ու ապրումներով: Հայրենիք, քաղաքացիական զգաստ մտորումներ, սիրերգություն, մայրություն, մտորումներ կյանքի հավերժության մասին, բանաստեղծություններ` ձոնված ազգի մեծանուն զավակներին (Չարենց, Շիրազ, Մհեր Մկրտչյան, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյան, այլք), ահա թե ինչպիսին է նրա ստեղծագործությունների աշխարհագրությունը: Հատկանշական է ձոներգության շարքը, որի ամեն մի տողը բաց նյարդ է, արնածոր վերք: Բանաստեղծուհու խոսքն այստեղ անկեղծության ավելցուկ ունի` կարոտագին սիրով ու տառապանքով լեցուն: Նա ինքն էլ, ասես, մի մեծ երեխա լինի` մանկան պես բյուրեղյա, մաքուր ու զուլալ.
Երեխայի նման ես միամիտ եղա,
երեխայի նման եղա անկեղծ,
պարզությանս համար ծիծաղեցին վրաս,
և չարածիս համար
երեխայի նման արտասվեցի ես…
Սակայն նրա անսքող լավատեսությունը, մարդասիրությունը սահմաններ չեն ճանաչում: Ալեքի ֆայտոնը նստած նա պտտվում է Գյումրվա փողոցներով, անուշ տաղեր հյուսելով ընկերներին ու պատահական անցորդներին.
Պիտի պարենք մենք տրնգի,
ֆայտոնը նստած մեր Ալեքի:
ՈՒստա, չա՛լե...
Գյումրեցու նրա անսպառ հումորն ու զրնգուն ծիծաղը, կարծես, բալասան են հայրենի քաղաքի դեռևս արնածոր վերքերին, լույս ու աղոթք Յոթ վերքի խորանի առջև: Նրա լացի մեջ ծիծաղ կա, ծիծաղի մեջ` արցունք, և նա թախանձագին խնդրում է.
Աշուն, ուշացիր մի քիչ,
ուզում եմ ապրել, երգել ու թևել...
Մեկ այլ բանաստեղծության մեջ էլ`
Թե պիտի մեռնենք, մեռնենք իրար հետ,
ծիծաղից մեռնենք, մեռնենք կարոտից...
Հակունցի սիրերգային ստեղծագործությունները կարելի է ընկալել հիմնականում որպես կյանքի բարդ իրավիճակներում հայտնված անհատի հոգեվիճակ, ուր կարոտ կա ու սպասում, սակայն, որքան էլ անհույս իրավիճակ, քչերին է հաջողվում տեսնել կեռմաններում նշմարվող լույսը, որի ուղղությամբ էլ ընթանում է բանաստեղծուհին` օրերը գրկած: Նա Կաթնաղբյուրի ջրի պես այրվող շուրթերի մեղրոտ համբույր է տենչում: Խոսքս ավարտում եմ կրկին բանաստեղծուհու մտորումներով. «Այս երկինքը, երկիրը, օվկիանը խելահեղ, մարդիկ, բոլորը իմն են: Կյանքի անվերջանալի ընթացքի մեջ, որի մի մասնիկն էլ ես եմ, ամեն ինչ այնպես հիասքանչ է, մաքրամաքուր, ամբողջական ու կատարյալ: Ես ապրում եմ հրաշքների սպասումով»:
Բարի երթ քեզ, սիրելի Մելսիդա Հակունց, դեպի գրական երկնակամար, որտեղ նշմարվում է քո աստղը` ձայնելով քեզ դեպի գրական անդաստանները հեռավոր:
Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր
Գերմանիա